Իրանի իշխանությունները ներում են շնորհել կուրացման դատապարտված Մաջիդ Մովահեդիին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դատավճիռը չեղյալ է համարվել հայցվորի` Ամենե Բահրամիի որոշմամբ, ով յոթ տարի առաջ մերժել էր Մոհավեդիի ամուսնության առաջարկը: Անհաջողակ փեսացուն այդ ժամանակ ծծմբաթթու էր լցրել հարսնացուի դեմքին, ինչի արդյուքնում նա կուրացել էր, իսկ դեմքն այլանդակվել էր:
2008թ-ին դատարանը Մովահեդիին «փոխհատուցման» էր դատապարտել: Երկուշաբթի դատավճիռը պետք է ի կատար ածվեր` դատապարտյալի աչքերին պետք է ծծմբաթթու լցվեր: Սակայն այսօր տուժողը հրաժարվել է փոխհատուցումից: Իրանի օրենսդրության համաձայն` դատարանի վճռը վերջնական չէ: Զոհը կամ նրա հարազատները վերջին պահին կարող են ներել հանցագործին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բահրամին, ով վերջին տարիներին բնակվում է Իսպանիայում, ենթարկվել է 19 պլաստիկ վիրահատության եւ իրեն հասցված վնասը գնահատել է 2 մլն եվրո: Իրանական ԶԼՄ-ները չեն հաղորդում` Մովահեդին վճարել է «արյան գինը», թե ոչ:




























