Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ոչ միայն վառելիք, այլ նաեւ զենք է մատակարարում Ուկրաինային, եւ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դա չի նկատել։ Այս մասին ապրիլի 15-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Ադրբեջանն ուժեղացնում է իր ռազմական ներուժը, մինչդեռ թշնամին այս դեպքում, նրա համոզմամբ, միայն Հայաստանը չէ, եւ, գուցե, ոչ այդքան Հայաստանն է։

Այսօր, երբ Հայաստանի ղեկին գտնվում են ոչ սթափ, ոչ ադեկվատ, ոչ կոմպետենտ իշխանություններ, արցախահայությունը, փորձագետի խոսքով, պետք է որոշ չափով լուծի իր խնդիրները, ինչպես նաեւ հայերի, այդ թվում՝ Կրեմլի հետ առնչվող հայերի օգնությամբ։

«Արցախը պետք է ուղղահայաց հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ, խորացնի այդ հարաբերությունները, համակարգի իր քայլերը Մոսկվայի հետ, աջակցություն ցուցաբերի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նաեւ Բաքվի հակառուսական դիրքորոշումն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։ Աղետից խուսափելու համար պետք է ամեն գնով ժամանակ շահել»,-հավելեց Կիվիրյանը։

Նա նշեց, որ արցախահայության պաշտպանությունն ապահովում են ռուս խաղաղապահները, եւ նրանց ներկայությունը հետ է պահում Ադրբեջանին լայնամասշտաբ հարձակումից։

«Եթե Ռուսաստանն Ուկրաինայում խնդիրների բախվի, վստահ եմ, որ Ադրբեջանը կրկին, ինչպես Փառուխի դեպքում, կփորձի ակտիվանալ մի քանի ուղղություններով»,-եզրափակեց փորձագետը։