Միացյալ Նահանգները պետք է դադարի ուկրաինական ճգնաժամի ֆոնին կեղծ հայտարարություններով փչացնել Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցության մասին պնդումներ հնչեցնել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնը մշտապես կեղծ տեղեկատվություն է տարածում ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ փորձելով արատավորել Չինաստանի հեղինակությունը, պառակտել հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում թշնամություն հրահրելու անմիջական պատասխանատուն ԱՄՆ-ն է։ Նա նաեւ հիշեցրել է, որ Չինաստանը չի ձգտում դիրքավորվել որպես ԱՄՆ-ի մրցակից, քանի որ Չինաստանի քաղաքացիների բարեկեցությունն ազգային զարգացման հիմնական խնդիրն է։