Արցախի խորհրդարանը նախօրեին ձեւակերպեց իր միասնական դիրքորոշումը, սահմանեց այն կարմիր գծերը, որոնք պետք է տեղավորվեին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ. Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Միաժամանակ, նա զարմանք հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներին հաջողվել է միանգամայն ճիշտ ձեւակերպել այն անընդունելի մոտեցումը, որն այժմ հնչեցնում է Հայաստանի իշխանությունը։
«Խորհրդարանական մեծամասնությանը եւ քաղաքական գործիչներին, որոնք Արցախի ապագան տեսնում են որպես Ադրբեջանի մաս, քաղաքակիրթ բառապաշարով պատասխանելու համար պետք է ունենալ տաղանդ եւ ուժ»,-ասաց Աբրահամյանը։
Պատգամավորն արցախցիներին վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ցանկացած իրավիճակում իրենց կողքին է լինելու։
Աբրահամյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, ամենամեծ քայլն է՝ ուղղված Արցախը հայաթափելուն։




























