ԱՄՆ վարչակազմը վերսկսել է դաշնային հողերում նավթի եւ գազի արդյունահանման պլանները, ինչը կարող է խախտել  նախագահական արշավի ժամանակ Ջո Բայդենի տված խոստումը, գրում է Reuters-ը։

Վարչակազմը հայտարարել է նավթային եւ գազային լիզինգի նոր վաճառքների եւ ռոյալթիի բարձրացման մասին:

Պլանը կոչ է անում կառավարությանը հորատման համար ավելի քիչ ակր հողեր վարձակալել, քան ի սկզբանե նախատեսված էր, ավելի բարձր վճարներ գանձել նավթային եւ գազային ընկերություններից եւ գնահատել տարածքների յուրացման ազդեցությունը:

Ծրագրի համաձայն՝ շուրջ 144.000 ակր հասանելի կդառնա նավթի եւ գազի հորատման համար մի շարք վարձակալական վաճառքների միջոցով: Այն նաեւ ընկերություններից կպահանջի վճարել արդյունահանված նավթային եւ գազային արտադրանքի արժեքի 18.75 տոկոս ռոյալթիները՝ 12,5 տոկոսի համեմատ:

Առաջարկն արագորեն քննադատության է արժանացել մի քանի բնապահպանական խմբերի կողմից, որոնցից մեկն այն «կլիմայական առաջատարության անխոհեմ ձախողում» է անվանել:

Ներքին գործերի նախարարության հայտարարությունը նավթի եւ գազի լիզինգի դաշնային ծրագրի բարեփոխման վերջին քայլը դարձավ Բայդենի՝ 2021-ի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո:

Իր նախագահական քարոզարշավի ընթացքում դեմոկրատը մի քանի անգամ խոստացել էր դադարեցնել հորատման դաշնային աճուրդները, սակայն այդ ջանքերը խափանվել էին հանրապետականների գլխավորած նահանգների դատական հայցով:

Բայդենի վարչակազմը մի քանի քայլ է ձեռնարկել՝ գազի գների աճը եւ գնաճը մեղմելու համար, որոնք սրվում են հում նավթի գների աճից՝ ուկրաինական պատերազմի եւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պատժամիջոցների պատճառով:

Գնաճը որպես լուրջ արգելք է դիտվում դեմոկրատների համար նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններում: