Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է Ռուսաստանի մրցակիցը դառնալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, այս գործընթացն առաջին հերթին կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի համար, Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները չեն կարող նորմալ համարվել, եւ, իհարկե, առկա խնդիրները խոչընդոտում են երկու երկրների զարգացմանը, Հայաստանը մեծապես տուժում է ներկայիս իրավիճակից, բայց Թուրքիայի համար էլ ոչ մի լավ բան չկա։ «Ուստի բոլոր կողմերը, որոնք երկու երկրների համար էլ լավն են ցանկանում, պետք է աջակցեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը եւ հաջողություն մաղթեն դրան։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ սա շատ բարդ երկխոսություն է, որը դժվար թե մոտ ապագայում երկկողմ հարաբերություններում արմատական փոփոխությունների հանգեցնի, այսինքն՝ երկու կողմերն էլ պետք է համբերությամբ լցվեն եւ պատրաստվեն բարդ բանակցային գործընթացի»։
«Ինչ վերաբերում է Մոսկվային, կարծում եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնք մեծ խանդով են վերաբերում այս երկխոսությանը՝ կարծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակի էֆեկտը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության նվազումը Հայաստանում։ Կարծում եմ, որ նման դիրքորոշումը խոսում է անինքնավստահության մասին։ Մենք պետք է Երեւանի հետ հարաբերությունները կառուցենք սեփական հիմքի վրա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է դառնալ Ռուսաստանի մրցակիցը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանին ու Հայաստանին շատ բան է կապում, եւ դա երբեք չի վերանա։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, վերջին 10 տարում Հարավային Կովկասը վերածվել է բաց համակարգի, որն արդեն շատ առումներով անքակտելիորեն կապված է Մերձավոր Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգի հետ։ Հետեւաբար, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, ավելի ու ավելի շատ դեր կխաղան Հարավային Կովկասում։ Եվ դրան պետք է պատրաստվել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքական գործիչները պետք է պատրաստվեն»,- նշեց նա:











