ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 12-13-ը Վաշինգտոնում կհյուրընկալի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) ղեկավարներին։

Սպիտակ տունը հայտնում է, որ հանդիպումը նպատակ ունի ցույց տալ Միացյալ Նահանգների հավատարմությունը տարածաշրջանի երկրների հետ գործընկերությանը։

Գագաթաժողովը նվիրված կլինի ԱՄՆ-ի եւ ՀԱԱՊԱ-ի երկրների միջեւ հարաբերությունների 45-ամյակին։ «Բայդեն-Հարիսի վարչակազմի առաջնահերթությունը Հարավարեւելյան Ասիայում ուժեղ եւ վստահելի գործընկեր լինելն է»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Տարածաշրջանի նկատմամբ մեր ընդհանուր ձգտումները այսուհետ եւս կշարունակեն ամրապնդել մեր ընդհանուր հավատարմությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածքի զարգացմանը, որը կլինի ազատ եւ բաց, անվտանգ, փոխկապակցված եւ կայուն»:

ՀԱԱՊԱ-ի 10 անդամներն են՝ Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը եւ Վիետնամը։