Ընդդիմության պայքարը լինելու է ապակենտրոն, ցանցային, բոլոր իրական ազգային ուժերը դուրս են գալու փողոց իրենց ձեւով իրենց մեթոդներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից նստացույց հայտարարելուն, Սաղաթելյանն ասաց. «Արթուր Վանեցյանը հիմա ինչ անում է, ճիշտ է անում, լավ է անում, սա է ճիշտ ընթացքը, ողջունում ենք, մենք իր հետ ենք:

Բոլոր նրանց, ում համար թանկ է հայրենիքը՝ մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ, շարքային քաղաքացիներ, յուրովի ամեն մեկը ձեւակերպելու է իր բողոքի ակցիան: Մենք ունենք ծրագիր, առաջիկայում հայտարարություն կանենք եւ ակնցնենք գործի: Հանուն Հայաստանի ու Արցախիի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի, եւ վստահեցնում եմ ձեզ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի: Մենք առնվազն դրա համար ամեն ինչ անելու ենք:

Այստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար եւ որեւէ մեկի շուրջ: Այս մարդիկ դուրս են եկել փողոց հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն իրենց երեխաների, ծնողների, քույրերի եւ եղբայրների»:

Սաղաթելյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում իր բողոքի ակցիաները և բողոքի ձայնն ինչպես բարձրացնել. «Վանեցյանը այսպես է որոշել, մենք ունենք մեր ծրագիրը սկզբից մինչեւ վերջ: Կմտնենք, կհայտարարեք, կանենք ու բոլորը կտեսնեն ժողովրդի իրական ուժը։ Այդ ամեն ինչը անելու ենք մեր ժողովրդի մասնակցությամբ»,-ասաց նա:

Ճշտող հարցին, որ ստացվում է, որ ՀՅԴ-ն առանձին ծրագիր ունի, նա պատասխանեց. «Այո, ես այդ մասին դեռ 4 օր ռաջ եմ ասել. «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը ունի ծրագիր սկզբվից մինչեւ վերջ, այդ մասին կհայտարարենք: Ունենք մանրամասն քայլերի ու գործողությունների ծրագիր: Պայքարը մեկնարկած է: Կարեւորը՝ մենք ունենք մեկ նպատակ, մեկ օրակարգ: Այս պայքարը ունենալու է հաղթական ավարտ»:
Նրա խոսքով, այս պայքարն ունի տրամաբանություն, քայլերի հերթականություն. «Որ օրը պետք լինի այլեւս տուն չուղարկել, տուն չենք ուղարկելու: Որ օրը գտնենք, որ գործողությունների օրն է, գործողություն կանենք»:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։