Պետք է աշխատենք, որ գործող իշխանության դեմ պայքարում մասնակիցների թիվն ավելանա։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Կրիտիկական զանգվածի» ավելացումը, ըստ փորձագետի, թույլ կտա հասնել իրական եւ որակյալ արդյունքների։ «Ի՞նչն ինձ զարմացրեց։ Վերջին 30 տարիների ընթացքում ես մասնակցել եմ բազմաթիվ ակցիաների։ Բայց ոստիկանների դեմքերին առաջին անգամ տեսա ատելություն։ Դա դրսեւորվում էր եւ՛ նրանց հայացքում, եւ՛ վարքագծում․․․Ինձ մոտ միանգամայն տրամաբանական հարց առաջացավ՝ տղերք, ո՞ւմ եք այդքան ատում։ Մարդկանց, որոնց դուք՝ ելնելով ձեր պաշտոնից, պարտավոր եք պաշտպանե՞լ։ Մենք այս երկրի քաղաքացիներն ենք եւ ունենք իրավունքներ։ Մենք կարիքներ ունենք, եւ մենք իրավունք ունենք մեր դիրքորոշումը հասցնել հանրությանը։ Մենք իրավունք ունենք բողոքի ակցիա անցկացնելու, եւ դա ամրագրված է Սահմանադրությամբ»,-ասաց Ադիբեկյանը։

Նա նաեւ պատմեց իրավապահ մարմինների պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակցի հետ զրույցի մասին։ Միաժամանակ Ադիբեկյանը նախընտրեց չհայտնել զրուցակցի անունը։ «Այս մարդը ժամանակին հրաժարվել է ծառայել Հայաստանի ներկայիս վարչապետին։ Նա ինձ ուղիղ ասաց, որ իրավապահ համակարգում մնացել են միայն նրանք, ում Նիկոլ Փաշինյանը մարդ է դարձրել։ Այսինքն՝ սրանք անգրագետ մարդիկ են, որոնք ոչ մի հեռանկար չունեին։ Այսպիսով, երբ պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք էր լինում, առաջացած անցքերը պետք է լրացվեին խառնամբոխով»,-պարզաբանեց նա։