Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինային եւ ԵՄ երկրին մեղադրել է Air Serbia ավիաընկերության ինքնաթիռների ականապատման կեղծ սպառնալիքների հետեւում կանգնած լինելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Air Serbia-ի ավելի քան մեկ տասնյակ չվերթներ պայթյունի սպառնալիքների պատճառով ստիպված են եղել վերադառնալ Բելգրադ կամ Մոսկվա, իսկ Բելգրադի օդանավակայանն առնվազն երեք անգամ տարհանվել է:

«Դրանով զբաղվում են երկու երկրների օտարերկրյա (հետախուզական) ծառայությունները։ Մեկը ԵՄ երկիր է, մյուսը՝ Ուկրաինան»,- ասել է Վուչիչը։

«Մենք սկզբունքորեն շարունակում ենք այդ թռիչքները, քանի որ ուզում ենք ցույց տալ, որ ազատ երկիր ենք եւ ինքնուրույն ենք որոշումներ կայացնում։ Մեր փոխարեն մի որոշեք երբ չեղարկել թռիչքները»,- ասել է նա։