Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն քննադատել է ԱՄՆ-ին միասեռ ամուսնությունների համար։

«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ տղամարդիկ ամուսնանան տղամարդկանց, իսկ կանայք կանանց հետ երկրի վրա ամենուր: Դուք դա անում եք, դուք նմանվում եք Ղութայի (իսլամական մարգարե - խմբ.) ցեղին»,- Ստամբուլում տեղի ասոցիացիաների հետ հանդիպման ժամանակ ասել է Սոյլուն, տեղեկացնում է Cumhuriyet-ը:

Նախարարը նաեւ դատապարտել է Վաշինգտոնին՝ ահաբեկչական համարվող խմբերի նկատմամբ Թուրքիայի չափազանց կոշտ վերաբերմունքի մասին հայտարարության համար։

«Նրանք ասում են, որ մենք դաժան ենք վարվում Գյուլենի շարժման եւ ՔԱԿ-ի նկատմամբ»,- ասել է Սոյլուն՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում բնակվող իսլամական կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիան պատասխանատու է համարում 2016թ․ հեղաշրջման փորձի համար, եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը։

«Նրանց քաղբանտարկյալներ են անվանում, քանի որ իբր մենք նրանց ձերբակալել ենք քաղաքականության համար։ Սա էլ բավարար չէ, ասում են, որ ՆԳՆ-ն բռնություն է կիրառել»,- շարունակել է Սոյլուն։

«Ասում են՝ մենք չենք ընդունում (միասեռ ամուսնությունները): Որ մենք չենք հանդուրժում Գյուլենին, ՔԱԿ-ին եւ ԼԳԲՏ-ն։ Թուրքիայում խաղաղություն է տիրում, եւ այս խաղաղությունը նրանց անհանգստացնում է»,- ասել է նախարարը։