Արեւելյան Ասիայի երկրներում, Բալկաններում, Հայաստանում եւ Վրաստանում ծնողները նախապատվությունը գլխավորապես տալիս են տղա երեխաներին: Նման եզրակացության է հանգել լրագրող Մառա Խվիստեդալը:
Ինչպես հաղորդում է San Fransisco Chronicle թերթը, վերոնշյալ թեման դարձել է Մառա Խվիստեդալի` «Անբնական ընտրություն. տղաները գերադասվում են աղջիկներից, եւ արդյունքում ունենք աշխարհ` լի տղամարդկանցով» վերտառությամբ գրքի հիմնական նյութը: Նա նշում է, որ Հնդկաստանում եւ Չինաստանում 100 նորածին աղջիներին բաժին է ընկնում համապատասխանաբար 112 եւ 121 տղա: Իգական սեռի քանակական նվազումը շահավետ չէ տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց համար, քանզի վերջիններիս ստիպում են գնալ հաշվարկային ամուսնության:
«Ցավոք, նյութապես ապահովված կանայք առավել հաճախ գերադասում են ընդհատել հղիությունը իգական սեռի երեխայի առկայության դեպքում»,-նշում է Խվիստեդալը: Նա նաեւ հավելել է, որ արդյունքում Չինաստանում երիտասարդների շրջանում չբերությունը մեծ ծավալների է հասել, իսկ երիտասարդները գիտակցում են, որ չեն կարող ընտանիք կազմել:




























