Ճապոնիայի կառավարությունը քիմիական զենքից պաշտպանող կոստյումներ եւ դիմակներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինայի կառավարության նոր հայցի հիման վրա որոշել ենք քիմիական զենքից պաշտպանության դիմակներ եւ կոստյումներ, ինչպես նաեւ դրոններ տրամադրել։ Պաշտպանության նախարարությունը եւ ինքնապաշտպանության ուժերը կշարունակեն առավելագույն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Բեռների առաքման ժամկետները նշված չեն։ Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, Ուկրաինային մատակարարումները համապատասխանում են Ճապոնիայում՝ երրորդ երկրներ պաշտպանական տեխնիկայի փոխանցման հաստատված սկզբունքներին։





























