Այդ ձեւակերպումն ինձ համար անհասկանալի է, եթե ոչ անընդունելի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել և պատերազմը Շուշիի համար է եղել:
«Այսինքն ադրբեջանցիները կռվում էին, որ Շուշին գրավեին, մնացածն իրենց չէ՞ր հետաքրքրում: Պատերազմը եղել է Արցախի համար, Արցախը գրավելու համար, իսկ հիմիկվա քայլերն էլ ցույց են տալիս, որ հակառակորդը ունի նկրտումներ նաեւ Հայաստանի բուն տարածքների նկատմամբ: Ես այդպիսի փաստ չունեմ և չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին և Շուշին վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ, ինձ համար դա նորություն է»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախի՝ Արդբեջանի կազմում լինելու հնարավոր քննարկումներին, Համբարձումյանը ասաց․ «Ես ունեմ մի հստակ մոտեցում․ նման բախտորոշ հարցերը ոչ մի իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշելու։ Ազնվորեն պետք է ներկայացնել, թե խաղաղության փաստաթուղթը ինչ արժեք ունի, այսինքն մեզանից ինչ են ակնկալում ադրբեջանցիները։ Այդ ինչպես էր, որ 30 տարի նախապամաններով էր Թուրքիան բանակցում, հիմա որոշել է առանց նախապայմանների, չի լինում այդպես։ Պետք է ամեն ինչ առարկայական ներկայացնել: Եթե ժողովուրդը որոշի, որ Ադրբեջանի 5 առաջարկները ընդունելի չեն, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձևավորվի և առաջնորդի ժողովրդին։ Այսպես խաբելով, շղարշելով այդ գործողությունները վիժեցվելու են»։
Միքայել Համբարձումյանը նշեց, որ այս իշխանությունների վարած անվտանգային քաղաքականության հետևանքով ԱԱԾ-ն ղեկավարած մարդը նստացույցի է մասնակցում։ Նա արտառոց որակեց այս դեպքը։
«Իշխանությունները ուժային կառույցնեում հաճախակի կադրային փոփոխություններ են անում, որովհետև այդ կառույցներում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Պահ է գալիս, որ ուժային կառույցներում աշխատող հայրենասեր մարդիկ չեն հանդուրժում այդ խնդիրնեը։ Այդ չբալանսավորված իրավիճակներում էլ տեղի են ունենում կադրային փոփոխություններ»,- ասաց Համբարձումյանը։











