Երեւանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաեւ կազմակերպել չին գործարարների այցը Երեւան: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ին պաշտոնական այցով եղել է Չինաստանում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 29-ին Կարեն Կարապետյանի եւ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի  պաշտոնական հանդիպման  ընթացքում կողմերը կարեւորել են երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների աշխուժացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:

Երեւանի քաղաքապետը նշել է նաեւ, որ  չինական կապիտալը հետամուտ է իրականացնել երկարաժամկետ եւ երաշխավորված ներդրումային ծրագրեր, որոնց համար Երեւանն այսօր  բարենպաստ պայմաններ է ապահովում: Բացի այդ, գործունեություն ծավալելով Երեւանում, չին գործարարները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ  նաեւ տարածաշրջանի շուկաներում:

Կարեն Կարապետյանը չին գործընկերոջն առաջարկել է դիտարկել Երեւանում Պեկինի եւ Պեկինում Երեւանի տներ հիմնելու հնարավորությունները:

Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջեւ գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը  եւ  սիրով ընդունել է  պաշտոնական այցով Երեւան այցելելու Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերը:

Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երեւանի եւ Պեկինի քաղաքապետարանների միջեւ համագործակցության վերաբերյալ. «Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երեւան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի: Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական եւ հեռանկարային եմ գնահատում»,-նշել է Կարեն Կարապետյանը: