Երբ վարչապետը կամ նրա արտաքին գործերի նախարարը այս կամ այն երկիր այցի նախաշեմին շփվում են այն պետության ներկայացուցիչների հետ, ուր պատրաստվում են այցելել, տեղի է ունենում առաջիկա օրակարգի նորմալ փոխադարձ հիմնավորում։ Սակայն երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որը հանդես է գալիս որպես միջնորդ, անոմալիա է առաջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Ըստ փորձագետի՝ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ պարզապես քննարկելու բան չի ունենա։ «Սա վկայում է ճգնաժամի առկայության մասին։ Փաշինյանը երկակի ստանդարտների բաց քաղաքականություն է վարում։ Նա գնում է իրավիճակը սրելու ճանապարհով, եւ առայժմ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է նա անում այդ ամենը։ Իմաստն ու նպատակներն անհասկանալի են։ Նա Հայաստանին հեռվացնում է Ռուսաստանից»,-ասաց Տարասովը։
Նա նաեւ նշեց Բաքվի եւ Մոսկվայի դիրքորոշումների նմանությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվան եւ Բաքուն նույն սայլին են լծվել։ Ալիեւը չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ճիշտ է, սեփական պատճառներից ելնելով։ Թեպետ, ի՞նչ որոշեն, երբ ամեն ինչ արդեն որոշված է։ Նրանք պարզապես Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին, ահա եւ վերջ»,-պարզաբանեց Տարասովը։





























