Վահրամաբերդի ջրամբարում հերթական ջրահեղձման դեպքն է գրանցվել: Ջրահեղձ է եղել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ 22-ամյա Ազատ Ալեքսանյանը, ով ընկերների հետ գնացել է Վահրամաբերդի ջրամբար` «Վարդավառը» տոնելու, ջուրն է մտել լողանալու նպատակով եւ խեղդվել:

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները  մի քանի անգամ փորձել են գետից դուրս բերել երիտասարդի դին, սակայն դա նրանց չի հաջողվել: Դեպքի վայր են  ժամանել հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզակները, ովքեր րոպեներ անց գետից դուրս են բերել խեղդվածի մարմինը:

Հատուկ փրկարական ջոկատի ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ էլմասակյանի խոսքով` դիակը գտնվել է 13 մետր խորության տակ, քարանձավային տեղանքում: Գետը լողանալու համար նախատեսված չէ: Մասնագետների գնահատմամբ, մարզի ոչ մի ջրամբարում կամ լողավազանում վերահսկողություն չի սահմանվում:

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի հրահանգով, գետի հարակից տարածքում վաղ առավոտից հսկողություն  են  իրականացնում  ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները, ովքեր նշել են, որ իրենք չեն կարող ինչպես հարկն է վերահսկել տարածքը,  քանի որ չունեն  համապատասխան տեխնիկա, եւ բացի դրանից երեք հոգով ամբողջ տարածքը վերահսկել հնարավոր չէ:

Հարկ է նշել, որ հուլիսի 31-ին, երբ արձանագրվել է դժբախտ դեպքը եւ փրկարարները ձեռնամուխ են եղել խեղդվածի դին ջրից դուրս բերելու գործին, Շիրակի մարզի բնակիչները շարունակել են «վարդավառ» տոնել Վահրամաբերդում եւ լողալ ջրում, թեեւ կան բազմաթիվ ցուցանակներ, որոնք զգուշացնում են. «Ջրում լողալը հակացուցված է», «Ջուրը լողալու համար չէ»:

Նշենք, որ սա Շիրակի մարզում ջրահեղձության 4-րդ դեպքն էր ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում: