Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն են հայտնել մի շարք երկրների կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառման կապակցությամբ։ Այս մասին ասվում է երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը մտադրություն են հայտնել համատեղ ջանքերով հաղթահարել այդ միջոցների հետեւանքով առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային եւ էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի եւ այլ ոլորտներում։
«Կողմերը մտահոգություն են հայտնել ժամանակակից տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման աճող միտման առնչությամբ, որի նպատակն է անօրինական եւ վնասակար գործողություններ կատարել, խարխլել պետությունների ինքնիշխանությունն ու միջամտել պետությունների ներքին գործերին։
Կողմերն ընդգծել են միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։
Ղեկավարները վերահաստատել են իրենց մտադրությունը, այն է՝ շարունակել համատեղ գործողությունները՝ ուղղված նոր կորոնավիրուսային վարակի, այլ վտանգավոր վարակների եւ էպիզոոտիայի տարածման դեմ պայքարին։
Կողմերն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործման կարեւորությունը, այդ թվում՝ 2021թ․ մայիսի 6-ի կենսաբանական անվտանգության ապահովման փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Հաստատվել է, որ երկու երկրների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների օգտագործմանը՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով։
Կողմերը՝ պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ ընդհանուր մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության կեղծման դեմ։ Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել ջանքերը՝ հակազդելու ռասիզմին, այլատյացությանը, նեոնացիզմին, ինչպես նաեւ ազգության, լեզվի կամ կրոնի հիման վրա խտրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ։





























