Հունգարիան չի աջակցի ռուսական նավթի եւ գազի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է The Independent-ը։
Ռուսական գազի մատակարարումները Հունգարիա հասնում են առանց որեւէ խափանման, երեքշաբթի Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Սիյարտոն
«Մենք չենք սատարում Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները»,- ասել է նա ճեպազրույցում։ Սիյարտոն հավելել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն նավթի եւ գազի ներկրմանը, այլ նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Հունգարիայի «Պակշ» ատոմակայանի համար վառելիքի մատակարարմանը։
Հունգարիան, որը սահմանակից է Ուկրաինային, «ամեն ինչ» կանի, որպեսզի ապահովի իր էներգամատակարարման անվտանգությունը, ասել է նա։





























