Ինտերնետում տեսանյութ է հայտնվել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: «Եդինայա Ռոսիա»-ն ցուցադրել է տեսանյութ, որը շատ նման է նախընտրական արշավին, հաղորդում է РБК-ն: Ավելի քան երկու րոպե տեւողությամբ տեսանյութում հնչում են Պուտինի խոսքերը առողջապահության, սպորտի եւ այլ ոլորտների կարեւորության վերաբերյալ, իսկ կադրի մեջ շրջանառվում են «Իրական գործը մեր ուժն է», «Մենք նոր Ռուսաստան ենք կառուցում» եւ այլ կարգախոսներ: Տեսանյութը YouTube-ի կայքում է տեղադրվել հուլիսի 31-ին:
Զուգահեռաբար «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական ալիքը ցուցադրել է տեսանյութ` «Մենք նոր Ռուսաստան ենք կառուցում» վերտառությամբ: Կադրում փոփոխվում են շուրջ վեց կարգախոսներ, իսկ կադրից այն կողմ հնչում են վարչապետ Պուտինի` տարբեր ելույթներից քաղված խոսքերը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Reuters-ին, հայտնել էր, որ վարչապետ Պուտինն արդեն մոտ է նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման ընդունմանը: Սակայն առայժմ ոչ վարչապետ Պուտինը, ոչ էլ նախագահ Մեդվեդեւը հայտարարություն չեն արել 2012 թ. նախընտրական արշավին մասնակցելու վերաբերյալ:




























