Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, նա «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում գրել է՝ անջատում հանուն փրկության և Արցախի ժողովրդի ինքնորոշում: Դա իրենց նախընտրական խոստումն էր, որի համար իրենք ընտրվել են։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ այդպես էլ չխոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից, ինչպես նաև Արցախի կարգավիճակից:

«Հիմա իրենք հետ են կանգնում իրենց խոստումից: Այս իշխանությունները որևէ ատյանում չեն բարձրաձայնում Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի հարցը՝ իրենց որդեգրած անջատում հանուն փրկության սկզբունքով: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր հայտնի ելույթի ժամանակ հստակ հայտարարեց՝ ինքը պատրաստ է նշաձող իջեցնել արցախյան հարցում: Իսկ արցախյան հարցում մենք հասել ենք այնպիսի հանգրվանի, որ նշաձող իջեցնել նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. մենք Արցախը տալիս ենք Ադրբեջանին նվեր»,– ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ապա արցախցիներին դատապարտում ենք ցեղասպանության: Նրա խոսքով՝ եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա կհայաթափվի և ուղղակի ժապավենով կնվիրվի Ադրբեջանին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ որքան էլ չի սիրում Արցախը, որքան էլ այն համարում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք և ատելություն է գեներացնում Արցախի նկատմամբ, մենք պետք է բացատրենք մեր բոլոր ակցիաներով, խոսքով, զրույցով՝ Արցախը բոլորիս հայրենիքն է: Մի՛ ընկալեք միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք: Ուղղակի մարդիկ հոգնել են հանրահավաքներից, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է: Վստահ եմ՝ գալու է այն օրը, որ այն զանգվածը, որն այդպես ոգևորությամբ խաբվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ջանասիրությամբ հեռացնելու է նրան»,- ասաց Թագուհի Թովմասյանը: