Օդերեւութաբանների տվյալներով` Հայաստանում նախորդ 2 օրերին եւ այսօր օդի ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի: Այս ջերմաստիճանն արդեն վտանգավոր է համարվում, եւ ըստ մասնագետների,  այն կարող է կառավարության համար  հանգստյան օրեր հայտարարելու ազդանշան լինել: Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս կրել բաց գույնի հագուստ,  շատ հեղուկ օգտագործել եւ խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Գյումրիի Սամարիթեր հիվանդանոցի բժիկ Աշոտ Քաբաբյանի վստահեցմամբ՝ բարձր ջերմաստիճանն ու արեւի ճառագայթները խիստ վտանգավոր են հատկապես սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների համար:

Բարձր ջերմաստիճանը կարող է նաեւ երիկամա-թոքային հիվանդությունների սրացման պատճառ հանդիսանալ: Առողջ մարդիկ անգամ, ըստ Քաբաբյանի, պետք է խուսափեն ցերեկային ժամերին` ժամը 12-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում դուրս գալ տնից: Բժիշկները խորհուրդ են տալիս դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, կրել գլխարկներ, արեւապաշտպան ակնոցներ, օգտագործել հատուկ քսուկներ արեւահարումից խուսափելու համար: Արեւի ճառագայթները հակացուցված են հատկապես երեխաներին:

Մանկաբույժ ֆաթիմա Գրիգորյանի խոսքերով՝խիստ կարեւոր է այս եղանակին վերանայել սննդակարգը: Պետք է խուսափել ճարպոտ սննդից, գնումներ կատարել միայն խանութներից, նայելով պիտակներին, չգնել արեւի տակ վաճառվող ձու, միս եւ ձուկ, ինչպես նաեւ երկար ժամանակ փողոցների մայթեզրերին մնացած միրգ-բանջարեղեն: Սնվել թեթեւ, շատ հեղուկ օգտագործել եւ ամենակարեորը պարբերաբար լվացվել:

Բարձր ջերմաստիճանը,ըստ մասնագետների, մարդկանց մոտ կարող է առաջացնել նաեւ ակտիվության պակաս, քնկոտություն, ինքնազգացողության վատացում, եւ բժիշկ մասնագետների խոսքերով, պետք առաջին հերթին խուսափել օրգանիզմի ջրազրկումից ու լրացնել վիտամինների քանակը: