Ժամանակին Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ ավելի կրիտիկական էին, քան հայ-թուրքական հարաբերությունները։ Բայց, այնուամենայնիվ, Թուրքիայի հետ հարաբերություններ դեռ կան։ Այս մասին ապրիլի 21-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Նիլովը։
Ընդ որում, նա չբարձրաձայնեց Կրեմլի միանշանակ դիրքորոշումն ու քաղաքականությունն այս հարցում։ «Մոսկվան բարդ մի բան է: Բավականին դժվար է պատասխանատվություն կրել Մոսկվայի դիրքորոշման համար որեւէ հարցում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ հարաբերությունները կան, դրանք զարգանում են տնտեսապես, եւ Մոսկվան, իհարկե, կողմ է, որ Երեւանը կարգավորի հարաբերություններն Անկարայի եւ իր հարեւանների հետ, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ առանձին։ Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի դրանում»,- ընդգծեց Նիլովը։
Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների շուրջ կոնֆլիկտային իրավիճակների եւ տարածաշրջանների առկայությունը, ըստ պատգամավորի, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեց ռուս պատգամավորը, Մոսկվան կողմ է, որպեսզի առկա հակասությունները լուծվեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։





























