Ղարաբաղի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ շուրջ ընթացող գործընթացները տեղափոխվել են Ռուսաստանի եւ Արեւմուտքի ամենադաժան առճակատման ոլորտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները։
Նրա խոսքով՝ չնայած բոլոր հակասություններին ու հակամարտություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը տասնամյակներ շարունակ մնացել է համագործակցության ձեւաչափ։ «Բացառիկ ձեւաչափ էր։ Այժմ այս դիմակայության տրամաբանությունը տեղափոխվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ոլորտ։ Պետք է արձանագրել նաեւ, որ Մինսկի խումբն իսկապես դե ֆակտո գոյություն չունի։ Դե յուրե, իհարկե, կա, բայց դե ֆակտո գործնականում չկա։ Եվ մենք դա տեսնում ենք»,-ասաց Հակոբյանը։
Այժմ, ինչպես նշեց քաղաքագետը, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող յուրաքանչյուր երկիր փորձում է վերմակը քաշել իր վրա։





























