Հայտարարության մեջ, որն արվել է Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումից հետո, «Լեռնային Ղարաբաղ» տերմին չի ֆիքսվել։ Անտեսվել է նաեւ Ռուսաստանը, որը նույնպես չի նշվել փաստաթղթում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը, ըստ էության, միայն հաստատել են Մոսկվայի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը։ «Ընդամենը երկու շաբաթ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա։ Այնուհետեւ հրապարակվում է հայտարարություն, որը ստորագրել են Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,-հիշեցրեց փորձագետը։
Այս հայտարարության մեջ, ինչպես նշեց Հակոբյանը, կարելի է տեսնել տրամագծորեն հակառակ դիրքորոշում. Կրեմլը, փաստորեն, արհամարհեց Արեւմուտքի գործոնը։ Լավագույն դեպքում կարելի է առանձնացնել մի միտք, որն ուղղակիորեն վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի պարտադիր գերակայությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համապատասխան փորձ ունեցող այլ կառույցների փորձագետների հնարավոր ներգրավմամբ։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքում խոսքը խորհրդատվական որոշ գործառույթների մասին է, որոնք պարզապես պետք է աջակցեն Ռուսաստանի կողմից իրականացվող մոդերատորությանը»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը։





























