Մենք հետաքրքիր բացահայտումների ժամանակ ենք ապրում, այն, ինչ իշխանություններն այսօր անում են, սկսում են ինքնախոստովանական հայտարարություններով ավելի հստակեցնել, թե ինչի համար են եկել իշխանության: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն հրաժարվել էր «Հայաստան» դաշինքին տրամադրել ԱԺ դահլիճը այսօր հայ-թուրքական թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելուն, Ռուստամյանն ասաց. «Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ուղղակի ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք անում են, Սահմանադրության և օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են, որ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները, որն ինքնին աբսուրդ է»:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների նման գործելաոճը հերքում է նրանց ամպագորգոռ արտահայտությունները, թե իրենք ավելի արդյունավետ կառավարում են բերել երկիր, ԱԺ-ն ավելի բաց, թափանցիկ է գործում, այն դարձել է հանրության տեսակետներն արտահայտելու վայր:

Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ այսօր  ԱԺ-ն չի կարողանում միաժամանակ երկու միջոցառում  կազմակերպել,ինչպես իրենք են հիմնավորել, քանի որ այս օրերին նաև հայ-ռուսական աշխատանքային խմբերն են հանդիպում:

«Փաստորեն այսօրվա իշխանությունների օրոք հնարավոր չէ երկու միջոցառում միաժամանակ կազմակերպել, երբ նախկինների ժամանակ ԱԺ-ն միաժամանակ մի քանի միջոցառում էր կարողանում կազմակերպել: Սա ցույց է տալիս, թե ինչ մակարդակի ղեկավարում ունենք ընդհանրապես բոլոր տեղերում, իսկ ԱԺ-ն փաստորեն փաստում է իր անկարողությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենք ԱԺ-ում ընդունելու համար նախատեսած այդ հայտարարությամբ գծում էին այն կարմիր գծերը, որից հետո սկսվում է մեր ազգային, պետական խնդիրների ձախողումը, ազգային ինքնության կորուստը, որ ուղղակի գնալու ենք հայոց պետականության փլուզման ճանապարհով, որովհետև մեր հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանն անթաքույց հակահայկական ծրագրեր են իրականացնում, պահանջներ են դրել մեր առջև և դրան ադեկվատ չարձագանքելը, կարմիր գծերը չգծելը, ըստ որի դրանից հետո Հայաաստանը չի պատրաստվում որևէ զիջում իրականացնել, սա ուղղակի նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Այս արգելափակումով իշխանություններն ուղղակի ընդգծեցին, որ սպասարկում են այլ շահեր:

Պատգամավորը նաև հայտարարեց՝ այս քայլով լսումներն ընդհանրապես չեղարկել չի հաջողվի, դրանք կկայանան ավելի ուշ։