Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի շատ զորքեր ուղարկել Արեւելյան Եվրոպա, այդ թվում՝ իր երկիր, հայտնում է CNN-ը։
Նաուսեդան հարցը քննարկել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այցով գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ։

Կողմերը քննարկել են ռազմական օգնությունն Ուկրաինային, Ուկրաինայի՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակը եւ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցները։

Գերմանիան գլխավորում է Լիտվայում ՆԱՏՕ-ի մարտական ​​խումբը։ ՆԱՏՕ-ի վերջին տվյալներով՝ մարտի 22-ի դրությամբ դաշնակիցների առնվազն 28 հազար զինվոր է գտնվել այնտեղ:

Նաուսեդան ասել է, որ ցանկանում է, որպեսզի օդային պահակախումբը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության անցնի, ինչպես նաեւ անցում կատարվի առաջային ներկայությունից դեպի առաջնային պաշտպանություն: «Դոնբասի տարածաշրջանում լայնածավալ ռազմական հարձակման մեկնարկով Ուկրաինային զենքի արագ եւ արդյունավետ մատակարարումը կարող է վճռորոշ գործոն դառնալ այս պատերազմում։ Մենք այլեւս տատանվելու ժամանակ չունենք, պետք է վճռական եւ արագ գործել»։

Նաուսեդան նաեւ ցանկանում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Սուվալկիի միջանցքում, որն անցնում է Լիտվայի եւ Լեհաստանի սահմանով եւ կապում է Բելառուսը Կալինինգրադի հետ:

Ըստ Նաուսեդայի՝ Արեւմուտքը պետք է նաեւ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ։

ՆԱՏՕ-ի վերջին տեղեկատվության համաձայն՝ մարտի 21-ի դրությամբ Բալթյան երկրներում, ինչպես նաեւ Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Բուլղարիայում  դաշնակիցների 40 հազար զինծառայող էր տեղակայված: