Դժգոհություն, թե ինչպես են ռուս խաղաղապահները կատարում իրենց պարտականությունները, կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Այն չի կարող չլինել ըստ էության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այսպիսի դիրքորոշումը, նրա խոսքով, արտացոլված է եւ հասարակության մեջ, եւ տարբեր լրագրողական դիսկուրսներում։ Այն հնչում է նաեւ գործող իշխանությանը հասցեագրված ընդդիմադիր քննադատության շրջանակներում։

«Սա դասական վիճակ է: Իշխանությունը պետք է արձագանքի սրան։ Նա պետք է այս մասին նաեւ ներքին շուկայում խոսի, քանի որ հնարավոր չէ ընդհանրապես չլուսաբանել այս թեման»,- պարզաբանեց Իսկանդարյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց քաղաքագետը, Ռուսաստանն այսօր, ըստ էության, միակ քաղաքական սուբյեկտն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների ֆիզիկական անվտանգությունը։

«Դա ժամանակ առ ժամանակ ստիպված ենք հիշատակել նաեւ այլ հարթակներում։ Այստեղ շատ պարզ իրավիճակ է։ Քաղաքական գործիչների խոսքերին, պարզապես, չպետք է վերաբերվել որպես Մովսես մարգարեի խոսքերի։ Դրանք օգտագործվում են տարբեր դեպքերում՝ տարբեր նպատակների հասնելու համար։ Այս հայտարարություններն ընդամենը գործիք են»,- պարզաբանեց փորձագետը։

Այդուհանդերձ, ըստ Իսկանդարյանի, Ռուսաստանն այժմ Ղարաբաղի ժամանակը չունի։ Նա շատ այլ խնդիրներ ունի։ Նա շատ զբաղված է Ուկրաինայով եւ այն ամենով, ինչ տեղի է ունենում նրա շուրջը։

«Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, ուստի փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։ Մոսկվան, իր հերթին, հարկ չի համարում սրան չափազանց սուր արձագանքել։ Սա, կրկին, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ռուսաստանը հիմա դրանով է զբաղված։ Ուստի իրավիճակը բավական բարդ է։ Հայաստանի եւ Ղարաբաղի հայերը փորձում են ինչ-որ կերպ ազդել դրա վրա։ Նրանք ուզում են, որ իրավիճակը լինի ավելի կայուն, այլ ոչ թե պակաս կայուն»,- ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը։