Իսրայելը չեղարկել է փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, որը գործում էր մոտ մեկ տարի, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել, գրում է Associated Press-ը:
Դիմակ կրելու պահանջի չեղարկումն ուժի մեջ է մտել շաբաթ երեկոյան: Դիմակ կրելը պարտադիր է հիվանդանոցներում, տարեց անձանց խնամքի կենտրոններում եւ միջազգային չվերթների ժամանակ:
Իսրայելում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի նվազում է նկատվում հունվարին վիրուսի տարածման վերջին ալիքից հետո: Կորոնավիրուսով վարակման ծանր դեպքերի թիվը նվազել է 1200-ից հասնելով մոտ 200-ի:
Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 4 մլն դեպք է գրանցվել, որից առնվազն 10 658-ը՝ մահվան ելքով:
Երկրի 9.4 մլն բնակչության ավելի քան 72 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ կեսից ավելին երեք ներարկում է ստացել:





























