Շտապօգնությունը Երեւանում ամենաշատ կանչերն ստացել է օգոստոսի 1-2-ին, մասնավորապես` օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 9.00-ից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան ժամը 9.00-ն սպասարկել են 543 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ մինչ այդ կանչերը շատ չեն եղել` 480, 470, 450 եւ այլն, իսկ հունիս- հուլիս ամիսներին կանչերի քանակը նվազել է. «Կոնկրետ շոգերի հետ կապված կանչեր չունենք: Մենք սպասարկում ենք անհետաձգելի կանչերը, այսինքն` նրանք, որոնք շտապ բուժօգնություն ցուցաբերելու կարիք ունեն»,- նշեց Թագուհի Ստեփանյանը` հավելելով, որ «Շտապօգնության» ստացած կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային, տրավմածին եւ մրսածության պաթոլոգիաների հետ: Թագուհի Ստեփանյանի խոսքով` «Շտապօգնությունը» ամենից շատ կանչերն ստանում է երեկոյան 21.00-ից մինչեւ գիշեր:
Նշենք, որ Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների համաձայն՝ Շտապօգնության բուժանձնակազմը կանչի հասցե պետք է հասնի առավելագույնը 7- 12 րոպեի ընթացքում, նշված հասցեում պետք է մնա եւ հիվանդի պաթոլոգիան որոշի 20 րոպեում:
Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանից Հայաստան ժամանակակից տեխնիկայով հագեցած շտապօգնության 88 մեքենա է բերվել, որոնք հավասարաչափ բաշխվել են Երեւանի եւ մարզերի բուժհաստատությունների միջեւ:
Ի դեպ, երեկ` օգոստոսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում, բարձր ջերմաստիճանը` 39-40 աստիճան շոգը, կպահպանվի մինչեւ օգոստոսի 4-ը, իսկ արդեն օգոստոսի 5-ից ջերմաստիճանի էական նվազում կդիտվի:




























