Ռուսաստանն ակնկալում է, որ Վրաստանը որոշակի փուլում կվերանայի իր դիրքորոշումը տարածաշրջանային «3+3» ձեւաչափին մասնակցության մասով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանը մինչ այժմ հրաժարվում էր այս ձեւաչափով աշխատելուց, բայց հուսով ենք, որ ինչ-որ փուլում [այն] կվերանայի իր դիրքորոշումը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Ղարաբաղի մասով համագործակցության եւ Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով վեցակողմ ձեւաչափի նախաձեռնությամբ հանդես էին եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այդ գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այդ տարածաշրջանային նախաձեռնությանը, սակայն առաջարկում է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների իր ձեւաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղությունը պահպանելու համար։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի՝ փոխարտգործնախարարների մակարդակով առաջին նիստը: