ԵՄ-ում բավարար աջակցություն չկա ռուսական նավթի եւ գազի ներմուծման վրա էմբարգո կամ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու համար, գերմանական Die Welt թերթին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Այս պահին մենք ԵՄ-ում չունենք միասնական դիրքորոշում այս հարցում»,- ասել է նա։
Եվրոստատի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը Եվրոպա նավթի խոշորագույն մատակարարն է, որին բաժին է ընկնում 2020 թվականին ԵՄ նավթի ներկրման մեկ քառորդը։
Բորելի խոսքով՝ այս թեման կքննարկվի ԵՄ հերթական գագաթաժողովում, որը պետք է անցկացվի հաջորդ ամսվա վերջին, իսկ մինչ այդ ինքն այս հարցով որեւէ որոշում չի ակնկալում։ «Նավթի եւ գազի էմբարգոյի վերաբերյալ վերջնական առաջարկը դեռ սեղանին դրված չէ»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ անդամ երկրներին կներկայացնի պատժամիջոցների վեցերորդ փուլի առաջարկները, գրում է Die Welt-ը՝ առանց աղբյուրներ վկայակոչելու։
ԵՄ բոլոր պետություններն աշխատում են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական նավթից ու գազից, ասել է Բորելը, հավելելով, թե կարծում է, որ դաշինքը, ի վերջո, կկարողանա նվազեցնել իր կախվածությունը։ «Ինչ-որ պահի դա տեղի կունենա».


























