Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը կարծում է, որ Չինաստանի լրտեսության եւ կիբեռանվտանգության սպառնալիքների ներկայիս մասշտաբները «աննախադեպ են», հաղորդում է The Hill-ը:

«Ամենամեծ սպառնալիքը, որի հետ մենք որպես երկիր բախվում ենք հակահետախուզության առումով, գալիս է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից եւ հատկապես Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից»,- ասել է Ռեյը «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Նրանք մեր նորարարությունները, մեր առեւտրային գաղտնիքները, մեր մտավոր սեփականությունը պատմության մեջ աննախադեպ մասշտաբներով են թիրախավորում»,- հավելել է նա՝ նշելով, որ Չինաստանի հաքերային ծրագիրն ավելի մեծ է «քան այլ խոշոր երկրներինը միասին վերցրած»:

«Նրանք ամերիկացիների ավելի շատ անձնական եւ կորպորատիվ տվյալներ են գողացել, քան բոլոր երկրները միասին վերցրած»,- ասել է նա՝ հավելելով, որ Չինաստանի թիրախներն ընդգրկում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:

Հարցին, թե ինչ է անում ՀԴԲ-ն լայնածավալ հարձակումներից պաշտպանվելու համար, Ռեյը նշել է, որ հետաքննություններն արագ տեմպերով են առաջ գնում։

«Այժմ մենք այնպիսի տեմպերով ենք շարժվում, որ մոտավորապես 12 ժամը մեկ նոր հետաքննություն ենք սկսում Չինաստանի դեմ»,- ասել է ՀԴԲ տնօրենը։ «Կա ավելի քան 2000 նման հետաքննություն։ Մեր բոլոր 56 դաշտային գրասենյակները զբաղվում են դրանով, եւ ես կարող եմ վստահեցնել, որ դրա պատճառն այն չէ, որ մեր գործակալները անելիք չունեն: Դա ցույց է տալիս, թե որքան լուրջ է սպառնալիքը»։