ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծման եւ մարդասիրական միջանցքների բացմանն ուղղված ջանքերը: Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում հատուկ օպերացիայի հետ կապված Թուրքիայի շարունակվող դիվանագիտական ջանքերին։ «Նրանք վերահաստատել են հումանիտար միջանցքների հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու եւ տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- հավելել են Գլխավոր քարտուղարի գրասենյակում:
Նշվում է, որ Գուտերեշը եւ Էրդողանը վերահաստատել են Ուկրաինայում շուտափույթ կարգավորում փնտրելու, խաղաղ բնակիչներին օգնելու համար պայմաններ ստեղծելու համար ընդհանուր նպատակը, ինչպես նաեւ կողմ են արտահայտվել այս հարցերի շուրջ շփումների շարունակությանը։ Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայում օպերացիայի ազդեցությունը «տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների վրա, այդ թվում՝ էներգետիկայի, պարենի եւ ֆինանսների հարցում»։
Ապրիլի 26-ին Գուտերեշը կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ կընդունվի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ապրիլի 28-ին Գուտերեշը կայցելի Ուկրաինա։





























