Kfor-ի ուժերը թույլ չեն տալիս ուտելիք եւ դեղորայք մատակարարող ավտոմեքենաներին մոտենալ սերբական անկլավներին: Ինչպես հաղորդում են Սերբիայի ռադիոն եւ հեռուստաընկերությունը, արգելված է վառելիք եւ դեղորայք հասցնել այնտեղ: Սերբ վարորդները պնդում են, որ Kfor-ի ամերիկյան ուժերը Յարինյեի անցակետում իրենց հայտնել են, որ հրաման են ստացել` թույլատրել բացառապես ոչ բեռնատար ավտոմեքենաների անցումը:

Մեկ այլ` Բրնյակ անցակետում վերահսկողությունը նվազ խիստ է եղել, եւ վարրդներին հաջողվել է կենտրոնական Սերբիայից ջուր եւ հաց տեղափոխել Կոսովո: Անցյալ գիշերը Կոսովոյի հյուսիսում պատահարներ տեղի չեն ունեցել: Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 1-ին, սերբական կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ-ի` Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունների գծով միջնորդ Ռոբերտ Կուպերի հետ, ով այսօր` օգոստոսի 2-ին պետք է հանդիպեր Կոսովոյի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է սերբական «Վեստի» լրատվական գործակալությունը, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ միջազգային հանրությունը «չարաշահում է Կոսովոյի համբերությունը» հանրապետության հյուսիսում տիրող իրավիճակի հարցում: Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի հետ հանդիպելիս Տաչին նախազգուշացրել է «մաքսանենգության եւ սերբական զինված միավորումների» դեմ պայքարում վճռական քայերի դիմելու մասին: Ժամեր առաջ նա հայտնել էր  բնակչության մատակարարման համար նոր միջանցքների բացման որոշումը` պայմանով, որ դա չի սպառնա Կոսովոյի ինքնիշխանությանը: