Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի համար։ Այդ մասին նա կոչ է արել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում «Լենտա»-ն:

«Մենք չափազանց շահագրգռված ենք արդյունավետ երկխոսության ուղիներ գտնելու, հնարավորինս շուտ հրադադարի, խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու հարցում»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է նաեւ նվազագույնի հասցնել ներկայիս ճգնաժամի բացասական հետեւանքներն աշխարհի տարբեր հատվածների համար։

Գուտերեշը պատմել է, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո պատրաստվում է այցելել Աֆրիկա։ Նրա խոսքով՝ աֆրիկյան տարածաշրջանն արդեն իսկ ռեսուրսների անհավասար հասանելիության է բախվել կորոնավիրուսային համավարակի ժամանակ, իսկ այժմ երկրի վրա բացասաբար են ազդում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

«Այժմ տարածաշրջանը թանկացումների է բախվում, որոնք արագացել են։ Շատ կարեւոր է անել հնարավոր ամեն ինչ՝ աշխարհի բոլոր երկրներին պարենային, էներգետիկ, ֆինանսական առումով աջակցելու համար»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը։