Լեհաստանը պատժամիջոցներ է սահմանել ռուս 50 ձեռնարկատիրոջ եւ ընկերությունների նկատմամբ, հայտարարել է ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին, փոխանցում է Reuters-ը։
Դրանց թվում են «Գազպրոմ»-ը եւ «Ակրոն» ընկերությունը, ինչպես նաեւ՝ ածխի առեւտրով զբաղվող SUEK Polska եւ KTK Polska ընկերությունները: «Գազպրոմ»-ին է պատկանում EuRoPol Gaz-ի բաժնետոմսերի փոքրամասնությունը, որին է պատկանում «Յամալ»գազատարի լեհական հատվածը, որով ռուսական գազ Եվրոպա է մատակարարվում:
Ցուցակում ընդգրկված է նաև միլիարդատեր Alfa-Bank-ի համահիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը, ալյումինային մագնատ Օլեգ Դերիպասկան եւ Kaspersky ռուսական ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին:
«Սա պատժամիջոցների առաջին ցուցակն է... Կան օլիգարխներ եւ ընկերություններ, որոնք իրական բիզնես են անում (Լեհաստանում),- մամուլի ասուլիսին ասել է ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։- Միանգամայն հավանական է՝ գրեթե հաստատ, որ ցանկը կընդլայնվի»։
Պատժամիջոցներն ակտիվների սառեցում եւ Լեհաստան մուտքի արգելք են ենթադրում:





























