Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթ խնդիրները մնացել են անփոփոխ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ կապերի ընդլայնում ու խորացում եւ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանում։
Վերոնշյալ խնդիրների հաջող լուծման համատեքստում նախարարը կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը եւ հայ ժողովրդի կողմից Արցախի ընկալումը որպես բարձրագույն արժեք։
Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակներին հասնելու արդյունավետ միջոց։





























