Ֆինլանդիան եւ Շվեդիան կարող են համատեղ որոշել՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, թե ոչ: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, փոխանցում է Reuters-ը։
«Այժմ, երբ Շվեդիան որոշել է մի փոքր առաջ մղել խորհրդարանական գործընթացը, միանգամայն հնարավոր է, որ անդամակցության հետ կապված որոշումները ընդունվեն նույն օրերին, կամ՝ գոնե նույն շաբաթներին»,- ասել է Հաավիստոն:
Որոշման ստույգ ժամկետ նա չի նշել՝ պատճառաբանելով երկու երկրների խորհրդարաններին հարցը քննարկելու համար ժամանակ տալու անհրաժեշտությունը։
Ստոկհոլմն անվտանգության քաղաքականության վերանայում է իրականացնում, որը ներառում է նաեւ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության վերաբերյալ դիրքորոշումը, որի արդյունքները պետք է ներկայացվեն մայիսի կեսերին: Երկրի արեւելյան հարեւան Ֆինլանդիան հայտարարել է, որ նախատեսում է որոշել՝ դիմել դաշինքին միանալու համար «մի քանի շաբաթվա ընթացքում», թե ոչ:
Հաավիստոն խոստովանել է, որ անդամակցության համար դիմելն ինքնին երկու սկանդինավյան երկրներին ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին չի ենթարկի, որը երաշխավորում է, որ մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա: «Բայց, միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրները շահագրգռված են ապահովելու, որպեսզի հայտի ընթացքում անվտանգության խախտումներ չլինեն»,- ասել է Հաավիստոն:
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների հետ համատեղ զորավարժությունների վերաբերյալ, որոնք կարող են բարելավել երկրի անվտանգությունը անցումային շրջանում։





























