ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի շրջանակում Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հետ, NEWS.am–ը տեղեկացնում է ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արմեն Գևորգյանի պատգամավորական գործունեության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Երկուստեք կարևորվել է Արմեն Գևորգյանի անմիջական մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և Եվրոպայի խորհրդի անհրաժեշտ ուշադրությանն այդ խնդրի կարգավորման հարցում։

Կարևորվել է ընդդիմության ինստիտուցիոնալ հետևողական աշխատանքը Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով։