ԱՄՆ Պետդեպարտամենտը «ուշադիր հետեւում է իրավիճակին» Մերձդնեստրում։ Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք աջակցում ենք մոլդովական կառավարության հանդարտության կոչին՝ ի պատասխան այս միջադեպերի, եւ լիովին աջակցում ենք Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ հարգում ենք նրա սահմանադրությամբ երաշխավորված չեզոքությունը»,- ասել է Փրայսը։

«Մենք չգիտենք բոլոր մանրամասները, բացի այն, ինչ տեղի է ունեցել երեկ, բայց առաջվա պես անհանգստացած ենք լարվածությունը սրելու պոտենցիալ փորձերից: Մոլդովան ուժեղ գործընկեր է, եւ մենք աշխատում ենք, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարածաշրջանային հետեւանքներին արձագանքելու համար»,- ասել է Փրայսը:

Նշենք, որ Մերձդնեստրում ապրիլի 25-ն եւ 26-ին երեք ահաբեկչություն է տեղի ունեցել՝ Տիրասպոլիում Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղի մերձակայքում գտնվող զորամասի մոտ եւ Մայակ բնակավայրի մոտ ռադիոհեռուստակենտրոնի աշտարակում: Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է մտցվել։ Մերձդնեստրի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչական գործողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հրազենի կիրառմամբ» հոդվածով։

Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների առաջին եզրակացություններն այն են, որ այդ հարձակումների հետքերը Ուկրաինա են տանում»։