Բելառուսի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրինագիծ է ընդունել, որն ընդլայնում է ներքին զորքերի լիազորությունները, որոնք կկարողանան ռազմական տեխնիկա օգտագործել անկարգությունները ճնշելու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Բելառուսի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Օրինագիծը նախատեսում է. ներքին զորքերին ռազմական եւ հատուկ տեխնիկա օգտագործելու լիազորություն՝ անկարգությունների եւ հասարակական կարգի խմբակային խախտումների կամ սեփականության բոլոր ձեւերի գույքի ոչնչացման կամ ոչնչացմանն ուղղված գործողությունների ճնշման համար»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դրանում նաեւ նշվում է, որ ներքին զորքերի զինծառայողներն իրավունք են ստանում զենք օգտագործել անձանց դեմ՝ զինվորական կարգախմբի կամ պահակատան վրա հարձակման, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտների տարածք ապօրինի մուտք գործելու համար։

Ներքին զորքերի հիմնական խնդիրներն են մասնակցությունը հասարակական կարգի պաշտպանությանը, հասարակական անվտանգության, պահպանվող անձանց եւ պահպանվող օբյեկտների անվտանգության, արտակարգ դրության, ռազմական դրության, եթե նախագահը որոշի դրանք մտցնել, հակաահաբեկչական գործողության գոտում իրավական ռեժիմի, պետական ​​սահմանների ամրապնդման միջոցառումների ապահովումը։