Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել, որն ի վերջո կարող է Հունգարիայի աջակցության վճարումների մասնակի դադարեցման հանգեցնել՝ դաշինքի իրավական կանոնները խախտելու համար, հայտնում է AP-ն։

Եվրահանձնաժողովը պաշտոնապես ծանուցել է Հունգարիային գործընթացի մեկնարկի մասին։ Ծանուցումը բացում է քննարկումների փուլը, եւ Հունգարիան երկու ամիս ունի բացատրություններ տալու եւ իրավական պաշտպանության միջոցներ առաջարկելու համար:

Այս գործը նշանավորում է նոր մեխանիզմի առաջին կիրառումը, որը թույլ կտա ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել իր բյուջեն պաշտպանելու համար, քանի որ Եվրամիության բարձրագույն դատարանը փետրվարին որոշում կայացրեց, որ ընթացակարգն ընդունվել է օրինական հիմքերով:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հիմնական նպատակը լինելու է համաձայնության հասնելը, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կասեցնել։ Եթե ​​ոչ, ապա գործընթացը կշարունակվի, եւ հանձնաժողովն ի վերջո առաջարկներ կներկայացնի ԵՄ անդամների կողմից քննարկման համար:

Առաջարկվող միջոցները, ինչպիսիք են վճարումների կասեցումը կամ ֆինանսական ուղղումների մասին կարգադրությունը, պետք է համաչափ լինեն՝ հաշվի առնելով խախտումների ազդեցությունը ԵՄ բյուջեի վրա, հայտարարել է հանձնաժողովը։ Ուստի ԵՄ ֆինանսավորման ամբողջական կասեցումը քիչ հավանական է։ Ցանկացած գործողություն պահանջում է Եվրոպական խորհրդի անդամների որակավորված մեծամասնության հաստատումը` անդամ երկրների 55 տոկոսի, որոնք ներկայացնում են ԵՄ ընդհանուր բնակչության առնվազն 65 տոկոսը:

Նոր գործիքը չի թիրախավորում ԵՄ անդամներին ԵՄ օրենսդրության ընդհանուր խախտումների համար, սակայն մշակվել է ԵՄ ֆինանսական շահերը բլոկի ընդհանուր բյուջեի վրա ազդող խախտումներից պաշտպանելու համար:

Հանձնաժողովը որոշել է Հունգարիային դեմ հանդես գալ՝ երկրի կողմից ԵՄ-ի փողերի օգտագործման, հակակոռուպցիոն պատշաճ ընթացակարգերի բացակայության եւ ԵՄ օրենսդրության ենթադրյալ խախտումների հետ կապված մտահոգությունների պատճառով:

Հանձնաժողովի պաշտոնյաները հայտարարել են, որ Հունգարիան ավելի քան 10 տարի շարունակ չի կատարում ԵՄ հանձնարարականները: