ԵՄ-ն դիտարկում է ռուսական նավթի ներկրման համար գնային վերին շեմ եւ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ Կրեմլի համար կենսական կարեւոր եկամուտների հոսքը դադարեցնելու համար, գրում է Financial Times-ը։

Այս միջոցներն առաջարկվել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ բանակցություններից առաջ։

Ռուսական նավթի ներկրման համար գնային վերին շեմ եւ մաքսատուրքեր սահմանելը ԵՄ-ին թույլ կտա խաթարել Մոսկվայի ֆինանսները՝ միաժամանակ կանխելով լիակատար էմբարգոյի հետեւանքով առաջացած տնտեսական քաոսը: Եվրոստատի տվյալներով՝ Ռուսաստանն ապահովում է ԵՄ նավթի մոտ մեկ քառորդը։

Իտալիան պաշտպանում էր ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու գաղափարը, սակայն ԵՄ մյուս երկրներն այնքան էլ շահագրգռված չեն։ ԵՄ-ի խոշորագույն տնտեսություն եւ ռուսական էներգակիրների հիմնական ներկրող Գերմանիան ամենաշատը կտուժի ռուսական էներգառեսուրսների մատակարարումների կրճատմանն ուղղված միջոցառումներից։

Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը FT-ին ասել է, որ գնի վերին շեմի սահմանումը բարդ գործընթաց կլինի եւ պայմանագրի խախտում, մինչդեռ մեկ ուրիշն ասել է, որ գաղափարը «լուրջ չի ընդունվում»:

Գերմանիան, որը իր նավթի մոտ 25 տոկոսը Ռուսաստանից է գնում, հայտարարել է, որ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը մինչեւ տարեվերջ, եւ խնդրել է համբերություն ցուցաբերել, քանի որ ճնշում է գործադրվում հնարավորինս արագ լիակատար էմբարգոյի համար: