Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ ընդլայնել օգնությունը Արցախին ու Հայաստանին։
Կառավարության հետ կապերի հարցերով ANCA-ի տնօրեն Թերեզա Երիմյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջեւ 2023 թ. Օտարերկրյա օգնության օրինագծի վերաբերյալ իր ցուցմունքներում՝ հատուկ շեշտադրելով, որ դադարեցվի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը եւ 50 մլն դոլարի հրատապ օգնության փաթեթ տրամադրվի Արցախին։
Ներկայացուցիչների պալատի ն պետական-օտարերկրյա գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին եւ բարձրաստիճան անդամ Հալ Ռոջերսին տված ցուցմունքներում Երիմյանը հայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո եւ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի ֆոնին Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիեւի ռեժիմին՝ դադարեցնելով նրա զինված ուժերին ԱՄՆ ամբողջ ռազմական օգնությունը։ Նա նաեւ պնդել է, որ երկարաժամկետ ներդրումներ արվեն Արցախի զարգացման գործում։
Խոսելով Հայաստանին օժանդակության ավելացման անհրաժեշտության մասին՝ Երիմյանն առաջնահերթությունը տվել է ԱՄՆ-ի աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված են Թուրքիայի եւ Ադրբեջանի աճող սպառնալիքների պայմաններում Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության էական ամրապնդմանը։




























