Սիրիայի իշխանությունները մտահոգված են, որ Համա քաղաքում ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ բախումների նոր ալիք է բռնկվել: Ներկայումս այրվում են մի շարք պետական հիմնարկներ, այդ թվում Արդարադատության պալատն ու բանկը, հաղորդում է «Վեստի»-ն` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը:

Ինչպես հաղորդում է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Դամասկոսում իրավիճակը եւս լարված է, սակայն տուժածների մասին այնտեղից տեղեկություններ չկան:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Սիրիայի հարցով արտապլանային խորհրդակցությունները երկու օր են տեւել, սակայն որեւէ կոնկրետ որոշում չի ընդունվել: Առայժմ հայտնի է, որ ռազմական միջամտության մասին խոսք չի գնում, սակայն քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների կիրառման հավանականությունը չափազանց մեծ է:

Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 31-ին սիրիական ընդդիմության եւ իշխանությունների միջեւ Համա քաղաքում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել շուրջ 100 մարդ: Այդ իրադարձությունները պատճառ են հանդիսացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2011 թ. օգոստոսի 1-ին հրատապ խորհրդակցություններ հրավիրելու համար: