Ֆինլանդիան եւ Շվեդիան կկարողանան արագ մտնել ՆԱՏՕ-ի կազմ, եթե որոշեն խնդրել անդամակցել արեւմտյան ռազմական դաշինքին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է ABC News-ը։

«Եթե նրանք որոշեն հայտ ներկայացնել, Ֆինլանդիան եւ Շվեդիան ջերմորեն կընդունվեն, եւ ես ակնկալում եմ, որ գործընթացը արագ կլինի»,- հինգշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ծրագրում է նույն օրը ավելի ուշ խոսել Ֆինլանդիայի նախագահի հետ:

Նա վստահություն է հայտնել, որ կարող են մեխանիզմներ գտնվել՝ սկանդինավյան երկու երկրների կողմից հայտերի ներկայացման եւ ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների խորհրդարաններում պաշտոնական վավերացման միջեւ ընկած ժամանակահատվածի համար։

«Վստահ եմ, որ կան ուղիներ այս միջանկյալ ժամանակաշրջանը հաղթահարելու այնպիսի ձեւով, որը բավարար լավ եւ հարմար կլինի թե Ֆինլանդիայի, թե Շվեդիայի համար»,- ասել է Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու հասարակական աջակցությունը երկու սկանդինավյան երկրներում աճում է ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո: Ֆիննական YLE հեռուստաընկերության կողմից մարտին անցկացված հարցումը ցույց է տվել, որ առաջին անգամ ֆինների ավելի քան 50 տոկոսը կողմ է արեւմտյան ռազմական դաշինքին միանալուն:

Հարեւան Շվեդիայում նմանատիպ հարցումը ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գերազանցել է հակառակորդների թվին։