Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի որդին հինգշաբթի օրը սպառնալիքներով նամակ է ստացել, այն պարունակել է փամփուշտ, եւ սա արդեն երկրորդ մահվան սպառնալիքն է, որ ուղարկվել է ընտանիքին 48 ժամվա ընթացքում, գրում է Haaretz-ը։

Այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները սկսել են հետաքննել վարչապետի ընտանիքի դեմ սպանության առաջին սպառնալիքը, նրա ավագ որդուն՝ Յոնիին մեկ այլ նամակ է ուղարկվել, որը նույնպես փամփուշտ է եղել։

Աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ծանուցվել են նոր սպառնալից հաղորդագրության մասին եւ դեռ հայտարարություն չեն արել։

Որոշվել է, որ ընտանիքի ստացած սպառնալիքի հետաքննության հետագա մանրամասները հրապարակման ենթակա չեն, եւ ոստիկանությունը կասկածյալների մասին որեւէ բան չի հրապարակել:

Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետի եւ նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներով նամակից հետո վարչապետի աշխատակազմի անվտանգության աշխատակիցները որոշել են ուժեղացնել վարչապետի ընտանիքի անվտանգությունը»։