Ուկրաինայի համար լենդ-լիզի օրենքը (Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022) արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը եւ ուղարկվել է նախագահ Բայդենին՝ ստորագրման, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Հինգշաբթի երեկոյան այն հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատը, ընդ որում՝ երկու կուսակցությունների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 417 կոնգրեսական քվեարկել է կողմ, միայն 10 կոնգրեսական (բոլորը՝ հանրապետական) դեմ է քվեարկել։
Երկկուսակցական օրինագիծը, որն առաջին անգամ ներկայացրել էին հանրապետական սենատոր Ջոն Քորնինը եւ դեմոկրատ Բեն Քարդինը հունվարին, լրացուցիչ լիազորություններ է տալիս ԱՄՆ նախագահին՝ ընդունելու Ուկրաինային պաշտպանական զինտեխնիկա մատակարարելու եւ վարձակալությամբ տալու որոշումներ, եթե դա համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։
Նախագահ Ջո Բայդենը հիմա էլ կարող է օգտագործել լենդ-լիզի տված լիազորությունները՝ Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքին համապատասխան, բայց հավանության արժանացած օրինագիծը չեղարկում է օրենքով նախատեսված մի քանի պահանջներ եւ պարզեցնում 2022-2023թթ. Ուկրաինա եւ, եթե պահանջվի, Արեւելյան Եվրոպայի երկրներ սպառազինությունների մատակարարման ընթացակարգը։
Ուկրաինան պարտադրված չի լինի նախապես վճարել ամերիկյան տեխնիկայի եւ սպառազինությունների մատակարարումների համար։
Լենդ-լիզի օրենքը ԱՄՆ նախագահին թույլ է տվել փոխարինաբար կամ վարձակալության տալ ռազմատեխնիկա ցանկացած օտար պետության, «որի պաշտպանությունը նախագահը կհամարի կարեւոր Միացյալ Նահանգների պաշտպանության համար»։





























