Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է, որում հարց է բարձրացրել, թե ինչու Կոսովոն կարող է օգտվել փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին:
Ըստ նրա՝ դա, անշուշտ, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում ինքնորոշման իրավունքի համար։ Բեգլարյանը նաև նշել է, որ այդ ժողովուրդների շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է:
«Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ցեղասպան ինչ քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյութենական սպառնալիքներ, որոնց մասին վկայում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների նմանատիպ արձանագրված փաստերը»,– գրել է նա:
«Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ»,- գրել է Բեգլարյանը՝ հավելելով, որ չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ցեղասպանության էին ենթարկվում։





























